Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 27

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդը Տիրոջը պետք է լինի ըստ քո գնահատության ։
3 Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։
4 Եթե դա կին է, քո գնահատությունը թող լինի երեսուն սիկղ։
5 Եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։
6 Եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան լինի, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի հինգ սիկղ արծաթ, իսկ աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։
7 Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։
8 Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։
9 Եթե Տիրոջը մատուցելու զոհը անասուններից է, ինչ որ տրվի դրանից Տիրոջը, սուրբ կլինի։
10 Այն չպիտի փոխվի. լավը վատի տեղ կամ վատը լավի տեղ չպիտի փոխվի։ Եթե մի անասունը փոխարինի մեկ ուրիշով, ապա այդ ընծայվածը և դրա փոխարեն բերվածը սուրբ կլինեն։
11 Եթե դա որևէ անմաքուր անասուն է, որը չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այն ժամանակ այդ անասունը թող կանգնեցվի քահանայի առաջ։
12 Քահանան գին կնշանակի դրան՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես թող լինի։
13 Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։
14 Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։
15 Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
16 Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։
17 Եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, դա թող լինի ըստ քո գնահատության։
18 Իսկ եթե նա իր արտը նվիրաբերի հոբելյանից հետո, ապա քահանան թող հաշվի մինչև հոբելյանական տարին ընկած տարիների համար վճարելիք փողը և այն հանի իր նշանակած գնից։
19 Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։
20 Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա նա այլևս այն փրկագնել չի կարող։
21 Այլ արտը հոբելյանական տարում ազատվելիս նվիրված արտի պես պետք է լինի՝ որպես սրբություն Տիրոջը. նրա կալվածքը քահանայինը պիտի լինի։
22 Եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր ծախու առած արտը, որ իր կալվածքի արտը չէ,
23 այն ժամանակ քահանան դրա գինը թող նշանակի ըստ քո գնահատության մինչև հոբելյան տարին, և այդ մարդը նույն օրը թող վճարի քո սահմանած գնի համաձայն։ Դա Տիրոջն ընծայաբերված սրբություն է։
24 Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։
25 Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։
26 Ոչ ոք չի կարող ընծայաբերել իր անասունների առաջնածինը, որը առաջնածին լինելու պատճառով իսկ պատկանում է Տիրոջը։ Դա արջառ լինի, թե ոչխար, պատկանում է Տիրոջը։
27 Եթե դա անմաքուր անասուններից է, թող չփրկագնվի ըստ քո նշանակած գնի՝ դրա վրա ավելացնելով մեկ հինգերորդը։ Իսկ եթե ետ չգնվի, ապա թող վաճառվի ըստ քո գնահատած գնի։
28 Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։
29 Մարդկանց միջից որպես ուխտ նվիրաբերված որևէ անձ չպետք է ետ գնվի. անպատճառ պիտի մեռցվի։
30 Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։
31 Եթե մի մարդ ուզենա ետ գնել իր տասանորդից ինչ-որ բան, նա դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը։
32 Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշված անասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։
33 Լավի և վատի միջև տարբերություն չպիտի դրվի, և այն չպիտի փոխարինվի. իսկ եթե փոխարինվի, այն ժամանակ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի համարվեն և չպիտի փրկագնվեն”»։
34 Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։