Leviticus 11
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց.
2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։
3 Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։
4 Բայց որոճացողներից և կճղակավորներից սրանց չպիտի ուտեք. ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.
5 ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.
6 նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.
7 խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։
8 Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք. դրանք ձեզ համար անմաքուր են։
9 Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։
10 Բայց չուտեք ծովերի մեջ և գետերի մեջ ջրերի բոլոր զեռուններից և ջրերի մեջ եղած բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն. դրանք պիղծ են ձեզ համար։
11 Եվ դրանք պիղծ կլինեն ձեզ համար. դրանց մսից չպիտի ուտեք և դրանց դիակներից պիտի գարշեք։
12 Ջրերի մեջ եղած բոլոր կենդանիները, որոնք լողակ և թեփուկ չունեն, պիղծ են ձեզ համար։
13 Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը,
14 անգղը, ցինը և այն, ինչ սրա տեսակից է,
15 ագռավը և այն, ինչ սրա տեսակից է,
16 ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է,
17 հավպատիրը, հողամաղը, քաջահավը,
18 կարապը, հավալուսնը, սև անգղը,
19 արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։
20 Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։
21 Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։
22 Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։
23 Մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։
24 Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո.
25 և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։
26 Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։
27 Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։
28 Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։
29 Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է,
30 առնետը, ցամաքային կոկորդիլոսը, մողեսը, ավազամողեսը և քամելեոնը։
31 Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են. ամեն ոք, ով որ դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։
32 Ամենը, ինչի վրա որ ընկնի սրանց դիակը, լինի դա փայտից պատրաստված աման կամ զգեստ, կամ մորթի կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման էլ լինի, անմաքուր պիտի լինի. այն պետք է ջրի մեջ դրվի և անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։
33 Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։
34 Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։
35 Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դա լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։
36 Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։
37 Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրա, այն մաքուր է մնում։
38 Բայց եթե սերմացուի վրա ջուր թափված լինի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։
39 Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը անմաքուր պիտի լինի մինչև երեկո։
40 Ով որ դրա դիակից ուտի, իր հագուստները պիտի լվանա և մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ վերցնի դրա դիակը, իր հագուստները պետք է լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։
41 Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։
42 Երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից, որոնք սողում են իրենց որովայնի վրա կամ սողում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, չպետք է ուտեք, որովհետև դրանք պիղծ են։
43 Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։
44 Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։
45 Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։
46 Այս է չորքոտանիներին, թռչուններին, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիներին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին վերաբերող օրենքը,
47 որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։