Leviticus 1
1 Տերը կանչեց Մովսեսին և խոսեց նրա հետ ժողովի վրանից՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզնից մեկը զոհ մատուցի Տիրոջը, ապա ձեր զոհը թող արջառներից կամ հոտերից մատուցի ։
3 Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։
4 Եվ իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որպեսզի ընդունելի լինի՝ իրեն քավություն լինելու համար։
5 Զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն շաղ տան ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։
6 Ողջակեզը մաշկի և այն բաժանի մասերի։
7 Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։
8 Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։
9 Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։
10 Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։
11 Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։
12 Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։
13 Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։
14 Եթե Տիրոջ համար ողջակեզը թռչուններից է, ապա նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից։
15 Քահանան այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը, այրի զոհասեղանի վրա, և զոհի արյունը քամվի զոհասեղանի մի կողմում։
16 Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։
17 Ապա թևերից պատռի նրան՝ առանց դրանք բաժանելու, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ կրակին դրված փայտերի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհաբերություն Տիրոջ համար”»։