Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Lamentations 4

:
Armenian - 2018
1 Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։
2 Սիոնի պատվական որդիները՝ մաքուր ոսկու հավասար, ինչպե՜ս համարվեցին կավի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։
3 Վիշապներն անգամ ծիծը հանում, իրենց ձագերին կաթ են տալիս, բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես անգութ է դարձել։
4 Կաթնակերի լեզուն ծարավությունից իր քիմքին կպավ. երեխաները հաց աղերսեցին, բայց նրանց հաց տվող չկա։
5 Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։
6 Եվ իմ ժողովրդի դստեր անօրենությունը Սոդոմի մեղքից մեծ եղավ, որ հանկարծակի հիմնահատակ եղավ, և ոչ մեկը նրան չօգնեց։
7 Նրա ազնվականները ձյունից մաքուր էին, կաթից սպիտակ էին. մարմնով բուստերից կարմիր էին, շափյուղայի պես էր նրանց տեսքը։
8 Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։
9 Սրից սպանվածները երջանիկ էին, քան սովից սպանվածները, որովհետև սրանք հյուծվեցին՝ այգու պտուղներին կարոտ։
10 Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրենց զավակներին. նրանք կերակուր դարձան նրանց համար իմ ժողովրդի դստեր կոտորածի ժամանակ։
11 Տերը գործադրեց իր զայրույթը, թափեց իր սաստիկ բարկությունը. նա կրակ վառեց Սիոնում, և այն լափեց նրա հիմքերը։
12 Չհավատացին երկրի թագավորները և աշխարհի բոլոր բնակիչները, որ հակառակորդն ու թշնամին կմտնեն Երուսաղեմի դարպասներով։
13 Նրա մարգարեների մեղքերի, նրա քահանաների անօրենությունների պատճառով, որոնք նրանում թափում էին արդարների արյունը,
14 Կույրերի նման թափառեցին փողոցներում, եղծված արյունով, որ նրանց հագուստներին ոչ ոք չէր կարող կպչել։
15 «Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,- կանչում էին նրանց,- հեռացե՛ք, հեռացե՛ք, մի՛ դիպեք». և նրանք փախան ու թափառեցին. մարդիկ ասացին ազգերի մեջ. « Այստեղ այլևս չեն բնակվելու»։
16 Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։
17 Մեր աչքերը մաշվեցին՝ զուր տեղը մեր օգնությանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ օգնել չէր կարող։
18 Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։
19 Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։
20 Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։
21 Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։
22 Քո անօրենությունը պիտի վերանա, ո՛վ Սիոնի դուստր, քեզ այլևս գերության մեջ չեն պահի. բայց քո անօրենությունը պիտի պատժվի, ո՛վ Եդովմի դուստր, և մեղքերդ հայտնի կդառնան։