Judges 4
1 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. Ավոդը մեռել էր։
2 Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթի մեջ։
3 Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, որովհետև նա ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղեց Իսրայելի որդիներին։
4 Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։
5 Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում՝ Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենու տակ. և Իսրայելի որդիները գնում էին վեր՝ նրա մոտ, դատաստանի համար։
6 Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից,
7 և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը”»։
8 Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։
9 Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։
10 Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։
11 (Կենեցի Քաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիներից՝ կենեցիներից, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ՝ Սանանիմի կաղնու մոտ)։
12 Եվ Սիսարային իմաց տվին, թե Աբինոամի որդի Բարակը ելել է վեր՝ Թաբոր սարը։
13 Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքերը, և իր հետ եղած ամբողջ զորքն Ազգերի Արիսոթից հավաքեց Կիսոնի հեղեղատում։
14 Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։
15 Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։
16 Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։
17 Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։
18 Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։
19 Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։
20 Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։
21 Քաբերի կինը՝ Հայելը, վերցրեց վրանի մի ցից, մուրճն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ և ցիցը խրեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին. իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր, ու մեռավ։
22 Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։
23 Աստված այդ օրը քանանացիների Հաբին թագավորին կորացրեց Իսրայելի որդիների առաջ։
24 Եվ Իսրայելի որդիների ձեռքն օրեցօր զորանում էր քանանացիների Հաբին թագավորի դեմ, մինչև որ բնաջինջ արեցին քանանացիների Հաբին թագավորին։