John 8
1 Հիսուսը Ձիթենյաց լեռը գնաց։
2 Առավոտյան դարձյալ տաճար եկավ, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։
3 Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝
4 ասացին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։
5 Մովսեսը Օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ի՞նչ ես ասում»։
6 Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը, գետնին նայելով, մատով գրում էր հողի վրա։
7 Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա»։
8 Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։
9 Սակայն նրանք, այս լսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։
10 Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։
11 Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։
12 Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։
13 Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։
14 Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։
15 Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։
16 Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։
17 Եվ ձեր օրենքում իսկ գրված է. "Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է"։
18 Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։
19 Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։
20 Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։
21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ. ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք. ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։
22 Հրեաներն ասում էին. «Գուցե ինքնասպա՞ն է լինելու, որովհետև ասում է. "Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ"»։
23 Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։
24 Արդ ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։
25 Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։
26 Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»։
27 Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։
28 Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։
29 Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։
30 Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։
31 Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։
32 Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։
33 Նրան պատասխանեցին. «Մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք»։
34 Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։
35 Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։
36 Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։
37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներն եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։
38 Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ տեսել եք ձեր հորից»։
39 Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։
40 Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։
41 Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։
42 Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ինձ ուղարկեց։
43 Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։
44 Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։
45 Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։
46 Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։
47 Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում. դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում»։
48 Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, որ դու սամարացի ես ու դև ունես»։
49 Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք ինձ անարգում եք։
50 Սակայն ես իմ փառքը չեմ փնտրում. կա մեկը, որ այն փնտրում է և դատում։
51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»։
52 Հրեաները նրան ասացին. «Հիմա իմացանք, որ դև ունես։ Աբրահամը մեռավ, մարգարեները՝ նույնպես, իսկ դու ասում ես. "Եթե մեկն իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի"։
53 Գուցե դու ավելի մե՞ծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, մարգարեները ևս մեռան։ Իսկ ի՞նչ ես կարծում, դու ո՞վ ես»։
54 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Ինձ փառավորողը Հայրն է, նա, ում մասին դուք ասում եք՝ "Մեր Աստվածն է"։
55 Եվ չեք ճանաչում նրան, իսկ ես նրան գիտեմ, և եթե ասեմ, որ ես նրան չգիտեմ, ձեզ նման ստախոս կլինեմ. բայց ես գիտեմ նրան ու նրա խոսքը պահում եմ։
56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է իմ օրերը տեսնել. նա տեսավ և ուրախացավ»։
57 Ապա հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։
58 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես կամ նախքան Աբրահամը»։
59 Այդժամ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս գնաց։