John 16
1 «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։
2 Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։
3 Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։
4 Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։
5 Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. "Ո՞ւր ես գնում"։
6 Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։
7 Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։
8 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար.
9 մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում,
10 արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի,
11 և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
12 Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։
13 Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։
15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։
16 Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։
17 Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք" և թե՝ "Ես Հոր մոտ եմ գնում"»։
18 Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։
19 Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք"։
20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։
21 Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։
22 Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։
23 Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։
24 Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
25 Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։
26 Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը,
27 որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։
28 Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։
29 Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։
30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։
31 Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։
32 Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։
33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։