Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 5

:
Armenian - 2018
1 «Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։
2 Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։
3 Ես տեսել եմ, որ հիմարն արմատ էր գցել, բայց իսկույն անիծել եմ նրա բնակության տեղը։
4 Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։
5 Նրա հնձածը քաղցածն է ուտում և այն առնում է փշերի միջից. ծարավները նրա ստացվածքը կուլ են տալիս։
6 Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։
7 Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։
8 Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն,
9 Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։
10 Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում.
11 Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։
12 Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։
13 Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։
14 Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։
15 Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։
16 Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։
17 Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։
18 Որովհետև նա խոցում է, բայց վերքը փաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։
19 Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։
20 Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։
21 Լեզվի խարազանից կծածկվես ու չես վախենա կործանումից, երբ այն գա։
22 Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։
23 Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։
24 Եվ դու կիմանաս, որ քո վրանն ապահով է, ու քո բնակարանը կայցելես և պակասող բան չես գտնի։
25 Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։
26 Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։
27 Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։