Job 32018

1Դրանից հետո Հոբն իր բերանը բաց արեց և իր օրն անիծեց։

2Հոբը խոսեց և ասաց.

3«Կորչի այն օրը, որ ես ծնվեցի, և այն գիշերը, որ ասաց, թե արգանդի մեջ արու զավակ գոյացավ։

4Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։

5Խավարն ու մահվան ստվերը թող այն սեփականեն. ամպը թող նրա վրա նստի. օրվա լույսը թող այն մթագնի։

6Այն գիշերը՝ խավարը, տանի այն. տարվա օրերի հետ թող չուրախանա, ամիսների թվի մեջ չմտնի։

7Ահա այն գիշերը թող ամայի մնա. նրա մեջ ուրախության ձայն չլսվի։

8Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։

9Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի,

10Որ ինձ ծնողի արգանդի դռները չփակեց ու տառապանքն իմ աչքերից չծածկեց։

11Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։

12Ինչո՞ւ նրա ծնկներն ինձ դիմավորեցին, և ինչո՞ւ ստինքը տվեց ինձ, որ ես ծծեմ։

13Որովհետև եթե մեռնեի, հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.

14Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են,

15Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին,

16Կամ ինչպես վիժվածը, թաղված կլինեի, այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։

17Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում.

18Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.

19Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։

20Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,

21Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։

22Որոնք հրճվագին ուրախանում են և զվարճանում, որ գերեզման են գտել։

23Ինչո՞ւ է կյանք տալիս մի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։

24Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։

25Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։

26Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Job 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.