Job 27
1 Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց.
2 «Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է,
3 Ու քանի դեռ շունչս իմ մեջ է, և Աստծու հոգին իմ ռունգերի մեջ կա,
4 Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։
5 Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։
6 Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկի համար իմ խիղճը չի տանջում ինձ։
7 Թող իմ թշնամին ամբարիշտի պես լինի, իմ հակառակորդը՝ անզգամի պես։
8 Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։
9 Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։
10 Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։
11 Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։
12 Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։
13 Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։
14 Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։
15 Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։
16 Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի,
17 Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։
18 Նա իր տունը ցեցի ոստայնի պես է շինում և այն խրճիթի նման, որ այգու պահապանն է շինում։
19 Հարուստ կպառկի, բայց այլևս այդպես չի անի. աչքերը կբացի, բայց ամեն ինչ կորած լինի։
20 Արհավիրքը ջրերի պես նրան կհասնի. գիշերը փոթորիկը կգողանա նրան։
21 Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։
22 Նրան վեր կգցի ու չի խնայի, մինչ նա կփախչի նրա զորությունից։
23 Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։