Jeremiah 92018

1«Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։

2Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։

3Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա. չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում»,- ասում է Տերը։

4«Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։

5Եվ ամեն մարդ խաբում է իր ընկերոջը և ճշմարտություն չի խոսում. իրենց լեզուն սովորեցրել են սուտ ասելու. հոգնում են անօրինություն անելով։

6Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։

7Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստեր մեղքի պատճառով։

8Մահաբեր նետ է նրանց լեզուն, խաբեություն է խոսում. իր ընկերոջ հետ բերանով խաղաղություն է խոսում, իսկ իր սրտում նրան դարան է պատրաստում։

9Սրա համար ես նրանց չպատժե՞մ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից անձս վրեժ չպիտի՞ առնի։

10Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։

11Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։

12Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։

13Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։

14Այլ գնացին իրենց սրտի կամակորության հետևից և Բահաղների հետևից, ինչպես որ իրենց հայրերը սովորեցրել էին իրենց»։

15Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա այս ժողովրդին ես օշինդր եմ ուտեցնելու և դառը ջուր եմ խմեցնելու։

16Եվ նրանց պիտի ցրեմ ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք գիտեին, ո՛չ իրենց հայրերը, և նրանց հետևից սուր պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց»։

17Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և եղերամայրե՛ր կանչեք, որ գան, և վարժ կանա՛նց ուղարկեք, որ գան։

18Շուտով գան, մեզ վրա ողբ բարձրացնեն, մինչև մեր աչքերն արտասուք թափեն, և մեր կոպերից ջրեր հորդեն։

19Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց. “Ինչպե՜ս կործանվեցինք, շատ ամաչեցինք, որովհետև պետք է թողնենք երկիրը, որովհետև ավերեցին մեր բնակարանները”։

20Ուրեմն, ո՛վ կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ընդունի նրա բերանի խոսքը։ Եվ ձեր դուստրերին եղերերգությո՛ւն սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն՝ ողբ»։

21Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։

22Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։

23Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։

24Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։

25«Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված,

26Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Jeremiah 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.