Jeremiah 162018

1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2«Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։

3Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին.

4«Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։

5Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։

6Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու նրանց համար։

7Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը ։

8Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։

9Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։

10Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”,

11այդ ժամանակ դու նրանց ասա՛. “Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։

12Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։

13Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու”»։

14«Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,-

15այլ՝ “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց”։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։

16«Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։

17Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։

18Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։

19Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։

20«Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։

21Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Jeremiah 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.