Isaiah 8
1 Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։
2 Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։
3 Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Մահեր-շալալ հաշ-բազ”,
4 որովհետև նախքան մանկան “հայրիկս” կամ “մայրիկս” կանչել սովորելը Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը վերցվելով կտարվեն Ասորեստանի թագավորի առաջ»։
5 Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց.
6 «Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլոահի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ,
7 դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և նրա ամբողջ փառքը։ Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից,
8 արագությամբ պիտի անցնի ու ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել։
9 Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։
10 Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։
11 Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով.
12 «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։
13 Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։
14 Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։
15 Շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն։
16 Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ։
17 Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։
18 Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։
19 Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի
20 ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։
21 Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝
22 պիտի նայեն երկրին, և ահա միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են։