Isaiah 60
1 Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։
2 Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։
3 Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։
4 Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը. բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ. քո որդիները գալիս են հեռվից, և քո դուստրերը՝ գրկում մանուկների պես։
5 Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։
6 Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։
7 Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։
8 Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։
9 Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։
10 «Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։
11 Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։
12 Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։
13 Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։
14 Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։
15 Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։
16 Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։
17 Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։
18 Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։
19 Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։
20 Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։
21 Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։
22 Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։