Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 37

:
Armenian - 2018
1 Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։
2 Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։
3 Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել, բայց ծննդաբերության համար ուժ չկա։
4 Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։
5 Երբ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ,
6 Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։
7 Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։
8 Երբ Ռաբսակը Լաքիսից վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։
9 Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.
10 «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։
11 Ահա դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են կործանել դրանք, և դո՞ւ ես ազատելու։
12 Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։
13 Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։
14 Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։
15 Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով.
16 «Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։
17 Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։
18 Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորները բնաջնջել են բոլոր երկրներն ու ավերել նրանց երկիրը։
19 Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։
20 Բայց արդ, ո՛վ Տեր, մեր Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միայն Տերը»։
21 Ապա Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։
22 Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին. "Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս դուստրը. Քո հետևից գլուխը շարժեց Երուսաղեմի դուստրը։
23 Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, Ո՞ւմ դեմ ձայն բարձրացրիր. Եվ աչքերդ գոռոզաբար բարձրացրիր Իսրայելի Սրբի դեմ։
24 Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։
25 Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։
26 Մի՞թե չես լսել, որ պատրաստել էի նախապես և ծրագրել էի հին օրերում։ Հիմա կատարեցի այդ, Որ դու ավերակների կույտերի վերածես պարսպապատ քաղաքները։
27 Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
28 Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելը Եվ քո բորբոքված բարկությունն իմ դեմ։
29 Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին, Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։
30 Եվ սա լինի քեզ նշան. Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը, Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից, Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք Եվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։
31 Հուդայի տան ազատված մնացորդը Կրկին արմատ պիտի արձակի դեպի ներքև Եվ պտուղ պիտի տա վերևում.
32 Քանզի Երուսաղեմից պիտի դուրս գա մի մնացորդ, Եվ Սիոն լեռից՝ ազատվածներ։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։
33 Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. "Նա չի մտնի այս քաղաքը, Այստեղ նետ չի արձակի, Նրա առաջ դուրս չի գա վահանով Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։
34 Իր եկած ճանապարհով նա հետ կդառնա Եվ չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։-
35 Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։
36 Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։
37 Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։
38 Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։