Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 22

:
Armenian - 2018
1 Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։
2 Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։
3 Քո բոլոր իշխանավորները միասին փախան, առանց աղեղի կալանավորվեցին, բոլոր քեզ մոտ գտնվողները և նրանք, որ հեռու էին փախել, միասին կալանքի մեջ են։
4 Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։
5 Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը ։
6 Էլամը կապարճ է կրում, մարտակառքերի վրա՝ մարդիկ, ձիավորներ. Կիրը մերկացնում է վահանը։
7 Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։
8 Հուդայի երկրի ծածկոցը վերցրեց, և այն օրը դուք նայեցիք անտառի տան զենքերին
9 ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։
10 Երուսաղեմի տները հաշվեցիք և պարիսպն ամրացնելու համար տները քանդեցիք։
11 Հին ավազանի ջրերի համար մի ջրավազան սարքեցիք երկու պարիսպների մեջտեղում։ Բայց դուք չնայեցիք այս բանն անողին և չտեսաք այս բանը վաղուց ձևավորողին։
12 Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։
13 Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։
14 Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։
15 Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ.
16 “Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։
17 Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ,
18 կծիկի պես կծկելու է և գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։
19 Ես քեզ կվտարեմ քո պաշտոնից, քո դիրքից կտապալեմ քեզ։
20 Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
21 Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։
22 Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։
23 Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։
24 Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։
25 Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։