Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 13

:
Armenian - 2018
1 Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։
2 «Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։
3 Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։
4 Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում,
5 որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։
6 Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։
7 Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։
8 Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։
9 Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից,
10 որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։
11 «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։
12 Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։
13 Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։
14 Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։
15 Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։
16 Նրանց մանուկները գետնով տրվելով պիտի կոտորվեն իրենց աչքերի առաջ, նրանց տները կկողոպտվեն, և նրանց կանայք կբռնաբարվեն։
17 «Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։
18 Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։
19 Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։
20 Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը,
21 այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու,
22 բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։