Isaiah 11
1 Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։
2 Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։
3 Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի,
4 այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։
5 Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։
6 Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։
7 Կովը արջի հետ կարածի, և նրանց ձագերը կպառկեն միասին։ Առյուծն արջառի նման հարդ կուտի։
8 Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։
9 Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։
10 Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։
11 Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի Ասորեստանից, Եգիպտոսից, Պաթուրեսից, Եթովպիայից, Եղամից, Սենաարից, Եմաթից և ծովեզրից։
12 Նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի աքսորյալներին ու կմեկտեղի Հուդայի երկրից ցրվածներին աշխարհի չորս անկյուններից։
13 Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։
14 Այլ նրանք դեպի արևմուտք՝ փղշտացիների ուսերի վրա կթռչեն և միասին կկողոպտեն արևելքի ժողովուրդներին։ Նրանք իրենց ձեռքը կերկարեն Եդովմի ու Մովաբի վրա, և ամմոնացիները կհնազանդվեն իրենց։
15 Տերը կչորացնի Եգիպտոսի ծովի լեզուն և սաստիկ քամիով իր ձեռքը կշարժի գետի վրա ու հարվածելով՝ այն կբաժանի յոթ առուների, որպեսզի անցնեն կոշիկներով։
16 Իր ժողովրդի մնացած վերապրողների համար մի պողոտա կլինի Ասորեստանից, ինչպես եղել էր Իսրայելի համար, երբ բարձրացավ Եգիպտոսից։