Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Hebrews 13

:
Armenian - 2018
1 Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնա ձեր մեջ։
2 Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։
3 Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
4 Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։
5 Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։
6 Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» ։
7 Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։
8 Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
9 Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։
10 Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։
11 Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։
12 Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։
13 Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք.
14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։
15 Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
16 Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։
17 Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։
18 Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։
19 Առավել ևս աղաչում եմ, որ դա անեք, որպեսզի ավելի շուտ ձեզ այցելեմ։
20 Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին,
21 թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
22 Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հորդորի այս խոսքը համբերությա՛մբ տարեք, մանավանդ որ քիչ գրեցի ձեզ։
23 Իմացե՛ք, որ մեր եղբայր Տիմոթեոսը բանտից ազատվել է. եթե նա շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։
24 Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին ու բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, ովքեր Իտալիայի կողմերից են։
25 Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։