Genesis 9
1 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։
2 Ձեր ահն ու ձեր երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա. դրանք ձեր ձեռքն են տրվել։
3 Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։
4 Միայն միսը իր կյանքով, այսինքն՝ իր արյունով չուտեք։
5 Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։
6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։
7 Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։
8 Աստված ասաց Նոյին ու նրա հետ նրա որդիներին՝ ասելով.
9 «Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ.
10 և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի, թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ։
11 Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար»։
12 Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։
13 Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։
14 Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի։
15 Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։
16 Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են»։
17 Աստված ասաց Նոյին. «Սա այն ուխտի նշանն է, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող բոլոր էակների միջև»։
18 Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն է։
19 Այս երեքը Նոյի որդիներն են, և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։
20 Նոյն սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց։
21 Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։
22 Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին։
23 Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսները դեպի ետ էին, և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։
24 Երբ Նոյը սթափվեց իր գինուց և իմացավ, ինչ որ արել էր իրեն իր կրտսեր որդին,
25 ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»։
26 Նաև ասաց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան ծառա թող լինի։
27 Աստված ընդարձակի Հաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան»։
28 Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց երեք հարյուր հիսուն տարի։
29 Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։