Genesis 34
1 Դինան՝ Լիայի աղջիկը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։
2 Այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ և պղծեց նրան։
3 Նրա հոգին կապվեց Դինային՝ Հակոբի աղջկան. և սիրեց այդ աղջկան ու քաղցրությամբ խոսեց աղջկա հետ։
4 Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ ու ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։
5 Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր Դինա աղջկան, բայց նրա որդիները դաշտում էին նրա հոտերի հետ, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը։
6 Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ։
7 Հակոբի որդիները եկան դաշտից և հենց որ լսեցին, նեղվեցին ու շատ բարկացան, որ Սյուքեմն Իսրայելում անզգամություն արեց՝ Հակոբի աղջկա հետ պառկելով, և որ այդպիսի բան չպետք է լիներ։
8 Եմորը խոսեց նրանց հետ և ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կպել է ձեր աղջկան. խնդրեմ աղջկան տվե՛ք նրան կնության
9 և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մե՛զ տվեք և մեր աղջիկներին առե՛ք ձեզ համար։
10 Բնակվե՛ք մեզ հետ, և այս երկիրը ձեր առջև բաց է. բնակվե՛ք, առևտո՛ւր արեք և կալվածքնե՛ր ձեռք բերեք նրա մեջ»։
11 Սյուքեմն ասաց աղջկա հորն ու նրա եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ. ինչ որ ասեք ինձ, կտամ։
12 Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
13 Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին և նրա հայր Եմորին. այդպես ասացին, որովհետև Սյուքեմը պղծել էր իրենց քրոջը՝ Դինային,
14 և ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլփատ է. որովհետև դա անպատվություն է մեզ համար։
15 Մենք ձեզ հետ կհամաձայնվենք միայն այն պայմանով, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլփատվի։
16 Այն ժամանակ մեր աղջիկներին կտանք ձեզ և ձեր աղջիկներին մենք կառնենք և ձեզ հետ կբնակվենք ու մեկ ժողովուրդ կլինենք։
17 Բայց եթե չլսեք մեզ ու չթլփատվեք, այն ժամանակ մենք մեր աղջկան կվերցնենք ու կգնանք»։
18 Նրանց խոսքերը հաճելի թվացին Եմորին և Եմորի որդի Սյուքեմին։
19 Եվ այն պատանին չհապաղեց այդ բանն անել, որովհետև սիրում էր Հակոբի աղջկան։ Իսկ նա իր հոր տանը ամենից հարգարժանն էր։
20 Եմորն ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և խոսեցին իրենց քաղաքի մարդկանց հետ՝ ասելով.
21 «Այս մարդիկ խաղաղությամբ են վարվում մեզ հետ, ուստի թող բնակվեն այս երկրում և առևտուր անեն այստեղ։ Ահա ընդարձակ երկիրը նրանց առջև է։ Եկեք նրանց աղջիկներին կին առնենք մեզ համար և մեր աղջիկներին տանք նրանց։
22 Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։
23 Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։
24 Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։
25 Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնը և Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին։
26 Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։
27 Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա և կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը։
28 Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։
29 Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։
30 Հակոբն ասաց Շմավոնին և Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք ինձ։ Ինձ հետ քիչ մարդիկ կան. նրանք կհավաքվեն իմ դեմ, կհարվածեն ինձ, և կկորչենք ես և իմ տունը»։
31 Նրանք ասացին. «Հապա պե՞տք էր, որ պոռնիկի պես վարվեր մեր քրոջ հետ»։