Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 32

:
Armenian - 2018
1 Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։
2 Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ ։
3 Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։
4 Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։
5 Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։
6 Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։
7 Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝
8 մտածելով. «Եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի»։
9 Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։
10 Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։
11 Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։
12 Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։
13 Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց.
14 երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ,
15 երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։
16 Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։
17 Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմ ծառան ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդ գնացող այս հոտը ”,
18 այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։
19 Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։
20 Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։
21 Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղիում։
22 Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։
23 Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։
24 Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։
25 Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։
26 Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։
27 Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։
28 Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։
29 Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։
30 Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել, որովհետև,- ասաց նա, - «Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի»։
31 Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ, և կաղում էր իր ազդրի վրա։
32 Դրա համար էլ Իսրայելի որդիները մինչև այսօր ազդրի վրայի թուլացած ջիղը չեն ուտում, որովհետև Հակոբի ազդրի թուլացած ջղին դիպավ։