Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 29

:
Armenian - 2018
1 Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց Արևելքի որդիների երկիրը։
2 Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։
3 Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, ջրհորի բերանից քարը գլորում էին, հոտերին ջուր էին տալիս և քարը դարձյալ դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։
4 Հակոբն ասաց հովիվներին. «Եղբայրնե՛րս, դուք որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»։
5 Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։
6 Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։
7 Եվ Հակոբն ասաց. «Օրը դեռ առջևում է, և հոտերը հավաքելու ժամանակը չէ. ջո՛ւր տվեք ոչխարներին և տարեք արածեցրե՛ք»։
8 Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն. այն ժամանակ քարը կգլորեն ջրհորի բերանից, և ջուր կտանք ոչխարներին»։
9 Մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր դրանց հովիվը։
10 Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ, քարը գլորեց ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։
11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։
12 Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին. նա էլ վազեց և պատմեց իր հորը։
13 Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին լուրը, վազեց նրան դիմավորելու, գրկեց և համբուրեց նրան ու տարավ իր տունը։ Եվ նա Լաբանին պատմեց այս բոլոր բաները։
14 Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ Հակոբը նրա հետ մնաց մի ամբողջ ամիս։
15 Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
16 Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։
17 Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով և գեղեցիկ՝ դեմքով։
18 Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթ տարի կծառայեմ քեզ»։
19 Լաբանն ասաց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու տամ նրան։ Բնակվի՛ր ինձ մոտ»։
20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։
21 Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։
22 Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։
23 Իսկ երեկոյան նա վերցրեց իր Լիա աղջկան և բերեց նրա մոտ, և Հակոբը նրա մոտ մտավ։
24 Լաբանն իր աղախին Զեղփային որպես աղախին տվեց իր աղջիկ Լիային։
25 Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
26 Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, որ փոքր աղջկան մեծից առաջ տան։
27 Լրացրո՛ւ հարսանեկան այս շաբաթը, և ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ դու յոթ տարի ծառայես ինձ»։
28 Հակոբն այդպես արեց. և այն շաբաթն էլ լրացրեց, և Լաբանն իր աղջիկ Ռաքելին կնության տվեց նրան։
29 Լաբանն իր աղախին Բաղղային որպես աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։
30 Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեց Լաբանին։
31 Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։
32 Լիան հղիացավ և մի որդի ծնեց. նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքը, ուրեմն հիմա իմ ամուսինն ինձ կսիրի»։
33 Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը Շմավոն դրեց։
34 Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևի դրեց։
35 Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Եվ դադարեց ծնելուց։