Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 21

:
Armenian - 2018
1 Տերը շնորհ արեց Սառային, ինչպես ասել էր. Տերը կատարեց Սառայի համար, ինչպես խոստացել էր։
2 Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։
3 Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ դրեց։
4 Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ ութ օրական եղավ, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն։
5 Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը։
6 Սառան ասաց. «Աստված ծիծաղեցրեց ինձ. ով որ լսի, կծիծաղի»։
7 Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։
8 Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։
9 Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։
10 Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։
11 Այս բանը Աբրահամին շատ դժվար թվաց իր որդու պատճառով։
12 Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքիդ դժվար չերևա. ամենը, ինչ որ Սառան ասել է քեզ քո տղայի և աղախնի համար, լսի՛ր նրա խոսքը, որովհետև Իսահակով է քեզ սերունդ կոչվելու։
13 Աղախնի որդուց էլ ես մի ազգ կանեմ, որովհետև քո սերունդն է նա»։
14 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։
15 Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ
16 և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։
17 Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։
18 Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։
19 Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։
20 Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։
21 Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։
22 Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։
23 Հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, թե նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քո նկատմամբ իմ արած երախտիքի համեմատ կանես ինձ և այս երկրին, որտեղ դու բնակվում ես»։
24 Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։
25 Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։
26 Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ո՛վ է արել այդ բանը. դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ մինչև այսօր չէի լսել»։
27 Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։
28 Աբրահամը ոչխարներից առանձնացրեց յոթ հատ էգ գառներ։
29 Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ինչի՞ համար են այս յոթ գառները, որ դու առանձնացրիր»։
30 Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։
31 Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։
32 Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։
33 Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։
34 Աբրահամը երկար ժամանակ պանդխտություն արեց փղշտացիների երկրում։