Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 13

:
Armenian - 2018
1 Աբրամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները, և Ղովտն էլ իր հետ։
2 Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։
3 Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև,
4 այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։
5 Ղովտն էլ, որ Աբրամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ,
6 և այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր, և չէին կարողանում միասին ապրել։
7 Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։
8 Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։
9 Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։
10 Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։
11 Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։
12 Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։
13 Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։
14 Տերն ասաց Աբրամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. «Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք.
15 որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։
16 Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։
17 Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։
18 Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։