Ezekiel 7
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։
3 Հիմա եկել է վախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։
4 Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։
5 Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։
6 Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։
7 Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։
8 Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։
9 Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։
10 Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը ։
11 Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բան չպիտի մնա նրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչություն չպիտի լինի ։
12 Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։
13 Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։
14 Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։
15 Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։
16 Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։
17 Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դառնան։
18 Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։
19 Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։
20 Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։
21 Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն։
22 Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։
23 Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։
24 Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։
25 Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։
26 Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։
27 Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։