Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Ezekiel 38

:
Armenian - 2018
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։
3 Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։
4 Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։
5 Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր.
6 Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։
7 Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։
8 Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։
9 Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"”»։
10 Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես
11 ու ասես. “Վեր գնամ անպաշտպան երկրի դեմ, հարձակվեմ խաղաղ մարդկանց վրա, որոնք ապահով բնակվում են, բոլորը բնակվում են առանց պարսպի և նիգեր ու դարպասներ չունեն,
12 ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։
13 Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։
14 Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ Գոգին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելն ապահով կբնակվի, դու կիմանաս
15 և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։
16 Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ"”»։
17 Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։
18 Այն օրը, երբ Գոգը կգա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տեր Աստված,- իմ զայրույթը պիտի բորբոքվի։
19 Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։
20 Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։
21 Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։
22 Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։
23 Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։