Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Ezekiel 30

:
Armenian - 2018
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։
3 Որովհետև օրը մոտեցել է, մոտեցել է Տիրոջ օրը, ամպերի օրը. դա ազգերի կործանման ժամանակը պիտի լինի։
4 Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։
5 Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն"”»։
6 Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։-
7 Ամայացած երկրների մեջ ամայի պիտի լինեն, և նրա քաղաքները կործանված քաղաքների մեջ պիտի լինեն։
8 Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կկոտորվեն։
9 Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։
10 Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։
11 Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։
12 Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։
13 Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։
14 Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։
15 Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։
16 Կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ։ Սինը տանջանքով պիտի գալարվի, Նովը պիտի ճեղքվի, և Մեմփիսը թշնամիները ցերեկով պիտի գրավեն ։
17 Արեգի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն. քաղաքները գերի պիտի գնան։
18 Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։
19 Այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
20 Եվ տասնմեկերորդ տարվա առաջին ամսվա յոթերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
21 «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, և ահա նա չպիտի կապվի, որ դարմանվի, չպիտի վիրակապվի, որպեսզի զորանա սուր բռնելու համար»։
22 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ զորավորը, թե՛ կոտրածը, և նրա ձեռքից վայր գցել պիտի տամ նրա սուրը։
23 Եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց սփռեմ երկրների մեջ։
24 Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։
25 Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա,
26 և ես եգիպտացիներին կցրեմ ազգերի մեջ և նրանց կսփռեմ երկրների մեջ։ Այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը»։