Ezekiel 25
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։
3 Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Քանի որ դու "վա՜շ" ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց,
4 դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։
5 Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը ՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը"”։
6 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ,
7 դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։
8 «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”,
9 դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։
10 Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։
11 Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
12 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց,
13 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։
14 Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս"”»,- ասում է Տեր Աստված։
15 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով,
16 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։
17 Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից"”»։