Ezekiel 132018

1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը.

3այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում"”։

4Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։

5Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։

6Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։

7Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։

8Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։

9«Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։

10Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. “Խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։

11Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։

12Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. "Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք"”։

13Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։

14Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

15Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝

16Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"”»,- ասում է Տեր Աստված։

17«Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ

18ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։

19Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։

20Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։

21Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

22Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։

23Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Ezekiel 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.