Exodus 8
1 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։
2 Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։
3 Գետում գորտեր կվխտան. դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի տաշտերը։
4 Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա"”»։
5 Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Ահարոնին. “Մեկնի՛ր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտե՛ր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»։
6 Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։
7 Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։
8 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։
9 Մովսեսն ասաց փարավոնին. « Ժամանա՛կ որոշիր ինձ համար, թե ե՛րբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների և քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից և միայն գետում մնան»։
10 Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող քո ասածի պես լինի, որպեսզի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։
11 Գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից և քո ժողովրդից. միայն գետի մեջ կմնան»։
12 Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա։
13 Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը. գորտերը սատկեցին ու վերացան տներից, բակերից և արտերից։
14 Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը հոտեց։
15 Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
16 Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Գավազանդ մեկնի՛ր և հարվածի՛ր գետնի հողին, որպեսզի ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”»։
17 Այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքը մեկնեց իր գավազանով և հարվածեց գետնի հողին, ու ոջիլ եղավ մարդկանց և անասունների վրա։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա գետնի հողը ոջիլ դարձավ։
18 Մոգերն էլ իրենց կախարդություններով փորձեցին նույնն անել, որպեսզի ոջիլներ հանեն, բայց չկարողացան։ Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ։
19 Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
20 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։
21 Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։
22 Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։
23 Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը"”»։
24 Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։
25 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։
26 Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։
27 Ուրեմն երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։
28 Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։
29 Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից։ Բայց փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին՝ թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։
30 Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։
31 Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը փարավոնի, նրա ծառաների և նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չմնաց։
32 Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին։