Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 30

:
Armenian - 2018
1 «Խունկ ծխելու սեղան կշինես. սատիմի փայտից կշինես այն։
2 Դրա երկարությունը՝ մեկ կանգուն, և լայնությունը՝ մեկ կանգուն. այն քառակուսի թող լինի. բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրները իրենից ելնեն։
3 Դա մաքուր ոսկով կպատես՝ դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջը ոսկե շրջանակ կշինես։
4 Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։
5 Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։
6 Այն կդնես վկայության տապանակի դիմաց գտնվող վարագույրի առջևում՝ վկայության վրա գտնվող քավության դիմաց, այնտեղ, ուր ես հանդիպելու եմ քեզ։
7 Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ թող ծխի. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ թող ծխի։
8 Եվ Ահարոնը խունկ թող ծխի երեկոյան դեմ ճրագները վառելիս, որպեսզի մշտնջենապես խունկ լինի Տիրոջ առաջ ձեր սերունդների մեջ։
9 Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ դրա վրա հեղելու ընծա թափեք։
10 Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անի. քավությունների մեղքի զոհի արյունով դրա վրա տարին մեկ անգամ քավություն անի ձեր սերունդների մեջ։ Դա ամենասուրբն է Տիրոջ համար»։
11 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
12 «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիս լինես, որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։
13 Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։
14 Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին, պետք է տա Տիրոջ ընծան։
15 Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։
16 Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։
17 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
18 «Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։
19 Ահարոնն ու նրա որդիները նրանից կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։
20 Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար,
21 այսպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն կլինի նրանց համար. թե՛ Ահարոնի համար և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»։
22 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
23 «Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուր սիկղ ընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ,
24 հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմեն ձեթ։
25 Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։
26 Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը,
27 զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը,
28 ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։
29 Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։
30 Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։
31 Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. “Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։
32 Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։
33 Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։
34 Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, քաղբան՝ այս անուշահոտ համեմունքները, և մաքուր կնդրուկ. բոլորը քաշով հավասար լինեն։
35 Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։
36 Դրանից մի քիչ կառնես ու կծեծես շատ մանր և կդնես ժողովի վրանի մեջ՝ վկայության առաջ, որտեղ ես հանդիպելու եմ քեզ։ Դա ձեզ համար ամենասուրբը թող լինի։
37 Դուք ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ չպատրաստեք. դա Տիրոջը վերապահված սրբություն պիտի լինի ձեզ համար։
38 Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։