Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 23

:
Armenian - 2018
1 «Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։
2 Չարություն անելու համար բազմության չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։
3 Աղքատին աչառություն չանես նրա դատի ժամանակ։
4 Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ դրան ետ կդարձնես տիրոջը։
5 Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։
6 Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։
7 Հեռո՛ւ մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի՛ մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի։
8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։
9 Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։
10 Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը.
11 բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։
12 Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։
13 Ձեզ իմ բոլոր ասածները պահե՛ք և ուրիշ աստվածների անունը մի՛ հիշեք. թող ձեր բերանից չլսվի։
14 Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։
15 Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։
16 Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։
17 Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։
18 Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։
19 Քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։
20 Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։
21 Զգո՛ւյշ եղիր նրա առաջ և լսի՛ր նրա խոսքը. մի՛ համառիր նրա դիմաց, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ իմ անունը նրա մեջ է։
22 Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ,
23 որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։
24 Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։
25 Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։
26 Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։
27 Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։
28 Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։
29 Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։
30 Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։
31 Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։
32 Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։
33 Նրանք չպիտի բնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, դա անպատճառ որոգայթ կդառնա քեզ համար»։