Exodus 2
1 Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։
2 Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։
3 Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։
4 Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։
5 Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։
6 Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։
7 Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնա՞մ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։
8 Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։
9 Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։
10 Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։
11 Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։
12 Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։
13 Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։
14 Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։
15 Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։
16 Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։
17 Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։
18 Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։
19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։
20 Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։
21 Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան՝ Սեփորային, կնության տվեց Մովսեսին։
22 Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։
23 Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։
24 Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։
25 Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։