Exodus 13
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։
3 Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։
4 Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։
5 Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։
6 Յոթ օր բաղարջ հաց պիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։
7 Այդ յոթ օրերին բաղարջ հաց պիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քո երկրի բոլոր սահմաններում։
8 Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։
9 Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։
10 Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։
11 Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա,
12 Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։
13 Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։
14 Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։
15 Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։
16 Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։
17 Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։
18 Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։
19 Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։
20 Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։
21 Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։
22 Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։