Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Ephesians 6

:
Armenian - 2018
1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։
2 «Պատվի՛ր քո հորն ու մորը, - սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,-
3 որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։
4 Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։
5 Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։
6 Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝
7 հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց,
8 իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։
9 Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց՝ սպառնալիքը թողնելով։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք երկնքում Տեր ունեք, և նրա առաջ կողմնակալություն չկա։
10 Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։
11 Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։
12 Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։
13 Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։
14 Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած
15 և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։
16 Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։
17 Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։
18 Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար,
19 ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ,
20 որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։
21 Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը,
22 որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։
23 Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
24 Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։