Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Ecclesiastes 2

:
Armenian - 2018
1 Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։
2 Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։
3 Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։
4 Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։
5 Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։
6 Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։
7 Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։
8 Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։
9 Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։
10 Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։
11 Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։
12 Ապա դարձա իմաստությունը տեսնելու, նաև խենթությունն ու անխելքությունը։ Որովհետև ի՞նչ է անելու այն մարդը, որ թագավորից հետո է գալու. ինչ որ արդեն արվել է։
13 Եվ ես տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անխելքությունից. ինչպես որ լույսն է ավելի օգտակար խավարից։
14 Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։
15 Եվ ես իմ սրտում ասացի. «Ինչպես որ անմիտին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն ես ինչո՞ւ հույժ իմաստուն եղա»։ Եվ իմ սրտում ասացի. «Սա էլ է ունայն»։
16 Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։
17 Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը, որովհետև ամեն ինչ ունայն է և քամուն հետապնդում։
18 Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։
19 Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։
20 Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։
21 Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։
22 Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։
23 Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։
24 Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։
25 Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։
26 Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։