Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 32

:
Armenian - 2018
1 - Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ. Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։
2 Անձրևի պես թող կաթի իմ խրատը, Ցողի պես թող իջնի իմ խոսքը, Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա, Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա,
3 Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը. Պատի՛վ տվեք մեր Աստծուն։
4 Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։
5 Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։
6 Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը, Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ. Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը, Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։
7 Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։
8 Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց Եվ սփռեց Ադամի որդիներին, Ազգերի սահմանները դրեց Ըստ Իսրայելի որդիների թվի.
9 Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է։
10 Նրան գտավ ամայի մի երկրում, Վայրի, ոռնացող անապատում. Շրջապատեց նրան, խրատեց նրան, Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։
11 Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում, Շուռ է գալիս իր ձագերի վրա, Տարածում թևերն իր, վերցնում է նրանց Ու տանում նրանց իր թևերի վրա,
12 Այնպես Տե՛րը միայն ման ածեց նրան. Նրա հետ օտար աստված չկար։
13 Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը, Որպեսզի ուտի արտերի պտուղը. Ժայռից նրան մեղր ծծել տվեց Եվ ապառաժ քարից՝ յուղ։
14 Կովերի յուղով, մաքիների կաթով, Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով, Ընտիր ցորենի ալյուրով կերակրեց նրան. Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։
15 Եսուրունը գիրացավ և քացի տվեց (Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր). Եվ լքեց իր արարիչ Աստծուն Եվ արհամարհեց իր փրկության վեմը։
16 Օտար աստվածներով նրա նախանձը գրգռեցին, Գարշելի բաներով բարկացրին նրան։
17 Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն, Աստվածներին, որոնց չէին ճանաչում, Նոր աստվածեր, որ վերջերս եկան, Որոնցից ձեր հայրերը չվախեցան։
18 Դու լքեցիր քեզ ծնող Վեմը Եվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։
19 Տերը տեսավ և բարկացավ, Իր որդիներին ու դուստրերին մերժեց
20 Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից, Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի. Քանզի նրանք մի ծուռ ազգ են, Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։
21 Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով. Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով, Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.
22 Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեց Եվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը, Կլափի երկիրն ու նրա բերքը, Կբորբոքեցնի լեռների հիմքերը։
23 Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմ Ու իմ նետերն սպառեմ՝ նրանց վրա արձակելով։
24 Նրանք պիտի հյուծվեն սովից Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։ Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա Գետնի վրա սողացողների թույնի հետ։
25 Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց. Երիտասարդներին և կույս աղջիկներին, Կաթնակերին ալևոր ծերի հետ։
26 Ես ասացի. “Կցրեմ նրանց, Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”,
27 Միայն թե թշնամու բարկությունից վախեցա. Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան, Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, Այլ մեր բարձրացած ձեռքը”.
28 Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են, Եվ նրանց մեջ իմաստություն չկա։
29 Երանի իմաստուն լինեին, հասկանային այս, Մտածեին իրենց վախճանի մասին։
30 Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին, Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին, Եթե նրանց ապավենը չլքեր նրանց, Եվ Տերը չմատներ նրանց.
31 Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ, Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն.
32 Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը Եվ Գոմորի արտից։ Նրանց խաղողները թունավոր խաղողներ են, Նրանց ողկույզները դառն են։
33 Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։
34 Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ, Չի՞ կնքված իմ շտեմարաններում։
35 Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։
36 Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի, Կգթա իր ծառաներին, Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց, Եվ չկա կապվածը և ազատը։
37 Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները, Այն ապավենը, որի վրա հույս էին դրել,
38 Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։ Թող վեր կենան և օգնեն ձեզ, Ձեզ պաշտպան կանգնեն։
39 Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում, Եվ իմ ձեռքից ազատող չկա.
40 Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ".
41 Երբ իմ փայլատակող սուրը սրեմ, Եվ ձեռքս դատաստանը գործադրի, Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ Եվ ինձ ատողներին կհատուցեմ։
42 Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ, Իմ սուրը միս կուտի, Սպանվածների ու գերիների արյամբ, Թշնամիների իշխանների գլխից ”։
43 Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին, Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում, Իր թշնամիներից վրեժ է առնում Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։
44 Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլ նրա հետ։
45 Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց,
46 ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն.
47 որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։
48 Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց.
49 «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներին իբրև կալվածք։
50 Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.
51 որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։
52 Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։