Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 15

:
Armenian - 2018
1 «Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։
2 Պարտքերը ներելու կանոնն այս է. ամեն պարտատեր ինչ որ փոխ է տվել իր մերձավորին, թող դա չպահանջի իր մերձավորից կամ եղբորից, որովհետև ներում է հայտարարված հանուն Տիրոջ։
3 Օտարազգի մարդուց պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբոր մոտ, պիտի շնորհես նրան,
4 եթե միայն քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի. որովհետև Տերն անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան,
5 միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։
6 Որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնի, ինչպես որ ասել է քեզ։ Շատ ազգերի դու փոխ կտաս, բայց ինքդ փոխ չես առնի, և դու բազում ազգերի կտիրես, բայց նրանք քեզ չեն տիրի։
7 Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև,
8 այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։
9 Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։
10 Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։
11 Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։
12 Եթե եբրայեցի քո եղբայրներից մեկը՝ տղամարդ թե կին, վաճառվի քեզ, նա վեց տարի թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես։
13 Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։
14 Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։
15 Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։
16 Իսկ եթե քեզ ասի՝ “Դուրս չեմ գա քո մոտից”, որովհետև սիրում է քեզ ու քո տունը, քանի որ լավ է քեզ մոտ,
17 այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։
18 Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։
19 Քո արջառներից և հոտերից ծնված բոլոր արու առաջնածինները կնվիրաբերես քո Տեր Աստծուն։ Քո արջառների առաջնածինները գործի չլծես և քո առաջնածին ոչխարների բուրդը չխուզես։
20 Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։
21 Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։
22 Դրանք կուտես քո դռներում։ Անմաքուրն ու մաքուրը հավասարապես կուտեն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։
23 Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։