Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 13

:
Armenian - 2018
1 «Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք,
2 և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”,
3 այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։
4 Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։
5 Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։
6 Եթե քո մոր տղան՝ քո եղբայրը, կամ քո տղան կամ քո աղջիկը, կամ քո ծոցում եղող կինդ, կամ քո բարեկամը, որին սիրում ես քո անձի պես, ուզենալով քեզ մոլորեցնել, գաղտնաբար ասի՝ “Գնանք օտար աստվածներին պաշտենք”, որոնց չես ճանաչել ո՛չ դու և ո՛չ էլ քո հայրերը,
7 ձեր շուրջը՝ քեզ մոտիկ կամ քեզանից հեռու գտնվող ազգերի աստվածներից են երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը,
8 հավանություն չտաս նրան, ոչ էլ կլսես նրան, և քո աչքը չխնայի նրան, և ոչ էլ գութ ունենաս նրա հանդեպ և չպահես նրան,
9 այլ անպատճառ կսպանես նրան. նրան սպանելու համար նախ քո ձեռքը թող բարձրանա նրա վրա, հետո՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։
10 Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։
11 Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։
12 Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝
13 “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով. "Գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին"”,
14 այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ,
15 այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։
16 Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։
17 Այդ նզովվածից ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին,
18 եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։