Daniel 6
1 Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ կարգի ամբողջ թագավորության մեջ։
2 Եվ նրանց վրա երեք վերակացու կարգեց, դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։
3 Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։
4 Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։
5 Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։
6 Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան.
7 «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։
8 Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։
9 Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելանքը։
10 Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։
11 Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։
12 Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օր մի բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։
13 Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն »։
14 Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար։
15 Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են»։
16 Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։
17 Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։
18 Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։
19 Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը.
20 երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։
21 Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։
22 Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։
23 Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։
24 Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։
25 Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։
26 Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենական է. նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։
27 Նա է ազատում և փրկում, նշաններ ու հրաշալիքներ գործում երկնքում և երկրի վրա. նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից»։
28 Եվ այսպես Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության և Կյուրոս Պարսիկի թագավորության շրջանում։