Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Amos 8

:
Armenian - 2018
1 Տեր Աստված այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային պտուղ։
2 Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ Իսրայել ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ խնայելու ։
3 Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։
4 Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք,
5 որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։
6 Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։
7 Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։
8 Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։
9 «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։
10 Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։
11 «Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։
12 Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։
13 Այդ օրը գեղեցիկ կույսերը և երիտասարդները պիտի նվաղեն ծարավից։
14 Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. “Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը”։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։