Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 5

:
Armenian - 2018
1 Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց
2 և դրա գումարի մի մասը կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։
3 Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։
4 Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։
5 Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց։ Եվ մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։
6 Երիտասարդները վեր կացան, պատանեցին նրան և տարան թաղեցին։
7 Շուրջ երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր տեղի ունեցածի մասին, ներս մտավ։
8 Պետրոսը նրան ասաց. «Ասա՛ ինձ, ագարակն այսքանո՞վ վաճառեցիք»։ Նա ասաց. «Այո՛, այդքանով»։
9 Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ միաբանվեցիք՝ Տիրոջ Հոգին փորձելու։ Ահա ամուսնուդ թաղողների ոտքերը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհանեն»։
10 Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Ներս մտնելով՝ երիտասարդները նրան մեռած գտան և դուրս հանելով՝ իր ամուսնու մոտ թաղեցին։
11 Եվ մեծ ահ պատեց ամբողջ եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր այս լսեցին։
12 Առաքյալների ձեռքով ժողովրդի մեջ շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում, և բոլորը համախմբված՝ Սողոմոնի սրահում էին։
13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, բայց ժողովուրդը նրանց մեծարում էր։
14 Եվ ավելի ու ավելի էր շատանում Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց բազմությունը,
15 այն աստիճան, որ հիվանդներին հրապարակներն էին հանում և իրենց պատգարակներով ու մահիճներով այնտեղ էին դնում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դրանցից մեկին հասներ։
16 Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
17 Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։
18 Եվ ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակայնորեն բանտ նետեցին։
19 Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց.
20 «Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։
21 Եվ երբ լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը, և նրանք, որ իր հետ էին, և իսրայելացի ամբողջ ծերակույտի հետ ժողով գումարեցին ու մարդ ուղարկեցին բանտ՝ նրանց բերելու։
22 Երբ սպասավորները եկան, բանտում նրանց չգտան. վերադարձան, պատմեցին
23 ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։
24 Երբ քահանայապետն ու տաճարի պահակապետն այս խոսքերը լսեցին, նրանց վրա զարմացան, թե այդ ի՛նչ պետք է եղած լիներ։
25 Եվ մեկը եկավ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց բանտ էիք դրել, տաճարում կանգնած, ժողովրդին են ուսուցանում»։
26 Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։
27 Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց
28 ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։
29 Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։
30 Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։
31 Աստված իր աջով նրա՛ն որպես Առաջնորդ ու Փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա։
32 Եվ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։
33 Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։
34 Բայց ատյանում վեր կացավ Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենքի ուսուցիչ էր՝ ամբողջ ժողովրդի կողմից պատվված, և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։
35 Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։
36 Որովհետև օրեր առաջ ելավ Թևդասը՝ իրեն երևելի մեկը ցույց տալով, և նրան շուրջ չորս հարյուր մարդ հարեց. ինքն սպանվեց, իսկ նրա համախոհները բաժան-բաժան եղան, և ոչ ոք չմնաց։
37 Նրանից հետո մարդահամարի օրերին գալիլեացի Հուդան ելավ և իր հետևից շատ մարդկանց տարավ. նա ևս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։
38 Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի,
39 բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան
40 և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։
41 Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։
42 Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։