Acts 22018

1Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։

2Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։

3Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։

4Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

5Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։

6Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։

7Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։

8Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։

9Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում,

10Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ,

11հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։

12Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։

13Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։

14Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։

15Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է,

16այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով.

17"Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,- իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

18Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և պիտի մարգարեանան։

19Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում, և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա. արյուն, կրակ ու ծխի սյուն։

20Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

21Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" ։

22Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով.

23նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։

24Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։

25Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. "Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։

26Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի։

27Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։

28Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" ։

29Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։

30Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին,

31ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։

32Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։

33Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։

34Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում,

35մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" ։

36Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։

37Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։

38Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։

39Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։

40Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։

41Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։

42Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։

43Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։

44Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։

45Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։

46Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։

47Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Acts 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.