Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 18

:
Armenian - 2018
1 Դրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց և եկավ Կորնթոս։
2 Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի։ Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։
3 Եվ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։
4 Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում և համոզում հրեաներին ու հույներին։
5 Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին՝ հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։
6 Բայց քանի որ նրանք ընդդիմանում էին ու հայհոյում, Պողոսը հագուստները թափ տվեց և նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անմեղ եմ։ Այսուհետ ես հեթանոսների մոտ եմ գնում»։
7 Եվ այդտեղից ելավ, մտավ մեկի տունը, որի անունը Տիտիոս Հուստոս էր. մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։
8 Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ ընտանիքով հավատաց Տիրոջը. կորնթացիներից շատերը նույնպես, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
9 Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր,
10 որովհետև ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
11 Պողոսն այստեղ մնաց մեկ տարի և վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։
12 Աքայիայում հյուպատոս Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան տարան՝
13 ասելով. «Սա մարդկանց համոզում է, որ օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն»։
14 Երբ պատրաստվում էր բերանը բացել, Գաղիոնը հրեաներին ասաց. «Հրեանե՛ր, եթե ինչ-որ անիրավություն կամ նենգ խարդախություն լիներ, արժեր, որ ձեզ լսեի։
15 Բայց եթե հարցը խոսքին, անուններին և ձեր օրենքին է վերաբերում, դո՛ւք տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել»։
16 Եվ նրանց ատյանից հանեց։
17 Եվ բոլորը բռնել էին Սոսթենես ժողովրդապետին և ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գաղիոնը ոչ էլ մտահոգվում էր դրանց համար։
18 Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։
19 Երբ Եփեսոս հասավ, նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։
20 Եվ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց նա մերժեց
21 ու նրանց հրաժեշտ տալով՝ ասաց. «Աստծու կամքով նորից ձեզ մոտ կդառնամ»։ Ապա Եփեսոսից նավարկեց
22 ու իջավ Կեսարիա, ելավ և ողջունեց եկեղեցուն ու իջավ Անտիոք։
23 Այստեղ միառժամանակ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրում և Փռյուգիայում՝ բոլոր աշակերտներին ամրապնդելով։
24 Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։
25 Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։
26 Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
27 Երբ նա ցանկացավ Աքայիա գնալ, եղբայրները, հավանություն տալով, գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Տեղ հասնելուն պես նա Աստծու շնորհով մեծապես նպաստեց հավատացյալներին,
28 որովհետև բուռն կերպով հրապարակավ հակաճառում էր հրեաներին՝ Սուրբ Գրքի միջոցով ցույց տալով, որ Քրիստոսը Հիսուսն է։