Acts 12
1 Այդ ժամանակ Հերովդես թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցուց ոմանց չարչարելու գործին։
2 Եվ սրով սպանեց Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։
3 Տեսնելով, որ դա հաճելի է հրեաներին, Բաղարջակերաց տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։
4 Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։
5 Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։
6 Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։
7 Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։
8 Հրեշտակն ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ հագի՛ր»։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. «Զգեստդ վրա՛դ գցիր ու ի՛նձ հետևիր»։
9 Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։
10 Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։
11 Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։
12 Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։
13 Բախեց դրսի դուռը. Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու։
14 Նա ճանաչեց Պետրոսի ձայնը և ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։
15 Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։
16 Պետրոսը շարունակում էր դուռը բախել. երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։
17 Նա ձեռքով նշան արեց նրանց, որ լուռ մնան, և պատմեց, թե ինչպե՛ս Տերն իրեն բանտից հանեց։ Եվ ասաց. «Սրա մասին հայտնե՛ք Հակոբոսին ու եղբայրներին»։ Ապա դուրս ելավ և ուրիշ տեղ գնաց։
18 Երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ իրարանցում էր, թե Պետրոսն ի՛նչ եղավ։
19 Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ու այնտեղ էր մնում։
20 Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։
21 Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։
22 Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։
23 Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։
24 Իսկ Աստծու խոսքն աճում էր ու բազմանում։
25 Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։