2 Samuel 172018

1Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։

2Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։

3Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։

4Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։

5Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։

6Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։

7Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։

8Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։

9Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։

10Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։

11Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։

12Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։

13Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։

14Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։

15Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։

16Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “ Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։

17Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։

18Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։

19Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։

20Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։

21Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։

22Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։

23Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։

24Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։

25Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։

26Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։

27Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,

28անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,

29մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for 2 Samuel 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.