Zechariah 2NEA

1Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ

2և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։

3Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։

4Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։

5Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։

6Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։

7Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ

8և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։

9Ես նրա համար շուրջանակի հրեղեն պարիսպ կլինեմ և փառքով կբնակվեմ նրա մեջ”»։

10«Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,- քանի որ երկնքի չորս հողմերից կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։

11Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։

12Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։

13Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։

14«Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ ու կբնակվեմ քո մեջ,- ասում է Տերը,-

15և այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը և կլինեն նրա համար ժողովուրդ ու կբնակվեն քո մեջ»։ Եվ կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։

16Եվ Տերը սուրբ երկրում կժառանգի Հուդան՝ իր բաժինը, և դարձյալ կընտրի Երուսաղեմը.

17և թող ամեն մարմին երկնչի Տիրոջ երեսից, քանի որ Տերը բարձրացել է իր սուրբ ամպերից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.