Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Titus 2

:
Armenian - NEA
1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վարդապետությանը։
2 Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։
3 Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,
4 որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին,
5 լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։
6 Հորդորի՛ր նաև երիտասարդներին, որ լինեն խոհեմ,
7 բարի գործերի մեջ իրենք իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը,
8 ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։
9 Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն,
10 չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։
11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց,
12 Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ
13 և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,
14 որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
15 Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։