1Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
2Ինչպես շուշանը՝ փշերի մեջ, այնպես և իմ քույրը՝ աղջիկների մեջ։
3Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին ]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
4Գինետո՛ւն տարեք ինձ և սե՛րն իմ վրա կարգեք։
5Զորացրե՛ք ինձ յուղով, խնձո՛ր լցրեք վրաս, քանզի լի եմ խանդակաթ սիրով։
6Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, և նրա աջը թող գրկի ինձ։
7Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
8Իմ եղբորորդու ձայնն է. ահա նա գալիս է, վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։
9Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
10Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
11Քանզի ահա անցավ ձմեռը, Անձրևներն անցան, գնացին-հեռացան։
12Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը հասավ, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։
13Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
14Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։
15Բռնե՛ք մեզ համար փոքրիկ աղվեսներին՝ այգիների ապականիչներին, և մեր որթերը կծաղկեն։
16Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
17վերադարձի՛ր, եղբորորդի՛ իմ, նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։